Ինչպիսի՞ մայրիկ եք դուք․ մայրիկների 4 տեսակ՝ ըստ դաստիարակության մեթոդների
Յուրաքանչյուր երեխայի համար իր մայրիկն ամենալավն է, ամենաբարին ու ամենագեղեցիկը։ Բայց մայրերը տարբեր են լինում ոչ միայն իրենց բնավորությամբ, այլ նաև դաստիարակչական մեթոդների ընտրությամբ։
Ըստ այդմ, հոգեբաններն առանձնացնում են մայրիկների 4 տեսակ․
- Մայրիկ-ընկեր
Նման մայրիկները դեռ մանկությունից երեխային որոշում կայացնելու ազատություն են տալիս։ Նրանք բազային գիտելիքներ են տալիս երեխային իրեն շրջապատող աշխարհի մասին, բայց երբեք չեն պարտադրում իրենց սեփական կարծիքը։ Մեծանալով նման ընտանիքներում՝ երեխաները հավասարակշռված և ինքնավստահ մարդիկ են դառնում, քանի որ դաստիարակվում են սիրո և վստահության մթնոլորտում։
- Մայրիկ-գիտակ
Նման մայրիկները հիմնականում մանկավարժներ կամ հոգեբաններ են։ Նրանք շատ են կարդում երեխաների դաստիարակության մասին և ձգտում են մեծացնել իրենց երեխային հեղինակավոր մասնագետների խորհուրդներով։ Իհարկե, նման մայրիկների նպատակն է որքան հնարավոր է ավելի լավ զարգացնել երեխային ֆիզիկապես և հոգեպես, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ երեխան անհատ է՝ իր յուրահատուկ բնավորությամբ և ցանկություններով։
- Մայրիկ-գործարար
Նման մայրիկներին սուպերմեն են համարում։ Ձգտելով երեխային տալ միայն ամենալավը՝ նման մայրիկները շուտ են վերադառնում աշխատանքի։ Գործարար մայրիկները ինքնավստահ, ամբիցիոզ, ուժեղ անհատականություններ են և ձգտում են այդ հատկանիշները փոխանցել նաև իրենց երեխաներին։ Հենց այդ պատճառով նրանք ձգտում են լավագույն կրթությունն ապահովել իրենց երեխաների համար։ Նման դաստիարակության միակ թերի կողմն այն է, որ նման մայրիկները չեն հասցնում շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, և փոքրիկները հաճախ մայրիկների հոգատարության պակաս են զգում։
- Գերհոգատար մայրիկ
Նման մայրիկների աշխարհը պտտվում է միայն իրենց երեխայի շուրջ։ Նրանք ձգտում են հեռու պահել իրենց երեխային անգամ ամենափոքր սխալներից։ Մի կողմից, նման հոգատարությունն ու սերը շատ գովելի են, բայց մյուս կողմից էլ նման կապվածությունը հանգեցնում է նրան, որ մեծ տարիքում նման պայմաններում մեծացած երեխաները դժվարությամբ են հաղթահարում ցանկացած խոչընդոտ։

