Մենք՝ ծնողներս, հաճախ ենք մտահոգվում, թե արդյոք մեզ հաջողվել է հեղինակություն դառնալ մեր երեխաների համար։ Բայց նրանց հարգանքին արժանանալն ամենևին էլ հեշտ գործ չէ։ Իրականում ծնողական հեղինակությունը երբեք չի կարող կառուցվել վախի կամ ճնշման վրա։ Իսկ ամեն օր երեխայի համար ճիշտ օրինակ ծառայելը բավական բարդ է։
Հոգեբանները երեք հիմնական կանոն են առանձնացնում, որոնք կօգնեն ձեզ իսկական հեղինակություն դառնալ ձեր երեխաների համար․
📌Երեխան պետք է իմանա և զգա, որ դուք նրան սիրում եք։ Զգացմունքների մասին պետք է հաճախ խոսել երեխաների հետ՝ խոսքերը համակցելով գործողությունների հետ։ Երբեք չի կարելի շահարկել նրան սիրելու փաստը։ «Եթե ինձ չլսես, քեզ չեմ սիրի», – երբեք չասեք այս խոսքերը ձեր երեխաներին։
📌Երեխայի հետ պետք է միշտ ազնիվ լինել։ Վաղ թե ուշ երեխան հասկանում է, թե երբ են իրեն խաբում, և արդյունքում կորցնում է ծնողների նկատմամբ վստահությունը։ Հավատացեք՝ երեխաները շատ լավ են կարողանում տարբերել սուտը ճշմարտությունից։
📌Երեխայի աչքում պետք է միշտ «հաղթող» լինել։ Ի սկզբանե, երեխայի համար իր ծնողներն ամենաուժեղն ու ամենալավն են։ Եվ կարևորը տարիների հետ այդ կերպարը պահպանելն է։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է չընկճվել դժվարություններից և ապագային նայել դրական տրամադրվածությամբ։

